Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում»

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակներում  մայրաքաղաք Երևանում և բոլոր մարզերում պարբերաբար իրականացվում են լայնածավալ միջոցառումներ, որոնք միտված են այս հիվանդության համաճարակաբանական իրավիճակի բարելավմանը:

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին  ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում կազմակերպված միջոցառումն ու մամլո ասուլիսը մեկ անգամ ևս հաստատեցին տարվա վերոհիշյալ կարգախոսի արտահայտած գաղափարը` տուբերկուլոզից ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք: 

 

Անդրադառնալով օրվա խորհրդին, ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը նշեց, որ անցյալ դարի 90-ական թվականներից տուբերկուլոզի 3-3,5 անգամ հիվանդացության աճ է արձանագրվել մեր մոլորակի բազմաթիվ երկրներում, այդ թվում, ԱՊՀ  հանրապետություններում, թեպետ, շնորհիվ Հայաստանում  իրականացվող հիվանդության դեմ պայքարի ազգային ծրագրի, վերջին տարիներին հսկայական առաջընթաց է արձանագրվել տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժում իրականացնելու առումներով:

 

Այնուհետև, Տուբերկուլոզի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց մեր հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը` ընդգծելով, որ 2011թ-ի համեմատությամբ, անցյալ տարի հիվանդացության ցուցանիշը նվազել է մի քանի սանդղակով` կազմելով 31,1, իսկ մահացության ցուցանիշը` 2 (100 000 բնակչի հաշվարկով):

 

Պատասխանելով լրագրողների հարցերին` բանախոսը նշեց, որ տուբերկուլոզով առավել հիվանդանում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ և ոչ միայն թոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդ մարդն է հանդիսանում վարակի աղբյուր և վտանգավոր շրջապատի համար:Նա փաստեց, որ տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը 3,3 անգամ բարձր է, քան կանանց շրջանում, իսկ առաջնակի դեպքերի մոտ 18%-ը հիվանդացել է արտերկրում:

 

Շնորհիվ մեր պետության հոգածության, ինչպես նաև Տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման, հանրապետությունում առկա են տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ արդիական սարքավորումներն ու դեղերը: 

 

Պարոն Հայրապետյանը կարևորեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական աջակցությունը, Հայկական կարմիր խաչի և ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անշահախնդիր նյութական, ֆինանսական և բարոյական օգնությունը` դեղեր, ախտորոշիչ նյութեր և սարքավորումներ, հիվանդներին և նրանց ընտանիքներին սոցիալական աջակցության ծառայություններ մատուցելու, ինչպես նաև տուբերկուլոզային բուժհաստատությունների նորոգման, անհրաժեշտ գույքով հագեցման, բուժանձնակազմի վերապատրաստման, բնակչության իրազեկման առումներով:

 

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արաբել Ջերիբին ընդգծեց, որ իրենց համագործակցությունը սկիզբ է առել  Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին օրերից և շարունակվում է մինչև օրս: Նա, կարևորելով հիվանդների վաղ հայտնաբերման անհրաժեշտությունը, միաժամանակ արձանագրեց, որ սատարում են դեղորայքակայուն տուբերկուլոզով տառապող հիվանդներին, ոչ միայն անհրաժեշտ դեղորայք տրամադրելով, այլև վիրահատական միջամտություններ կատարելով: 

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ԱՀԿ հայստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, տուբերկուլոզի հիմնախնդրի լուծմամբ շահախնդիր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Տուբերկուլոզ. թվեր և փաստեր

 

  • Գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը 1882 թվականի մարտի 24-ին հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին:
    Սկսած 2005 թվականից` տուբերկուլոզի ցուցանիշը Հայաստանում տարեցտարի նվազում է. 2012թ. կազմել է 37,1, իսկ մահացությունը` 2 (100 հազար բնակչի հաշվով): 2012-ին Հայաստանում տուբերկուլոզից 60 մարդ է մահացել:
  • Կյանքում առաջին անգամ ախտորոշվածներից 3,6%-ը կազմում են 0-14 տարեկան երեխաները, 12,9%-ը` 15-24 տարեկանները, 22%-ը` 25-34 տարեկանները, 16,3%-ը` 35-44 տարեկանները, 18,6%-ը` 45-54 տարեկանները, 15,9%-ը` 55-64 տարեկանները, 10,7%-ը` 65-ից բարձր տարիք ունեցողները: Ընդ որում, աշխատունակ 15-54 տարիքային խմբերին բաժին է ընկնում դեպքերի 69,2%-ը:
  • Անցյալ տարվա հաշվարկներով` մեր հանրապետությունում հայտնաբերվել է 1125 տուբերկուլոզով տառապող առաջնակի հիվանդ, այն դեպքում, երբ 2011-ին այդ թվերը կազմել է 1247:
    Ազատազրկման վայրերում 2012 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի 24 դեպք, որից 9-ը առաջնակի թոքային, իսկ 22,2%-ը մանրէազատող:
  • Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բուժման մեջ է գտնվում 275 դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդ:

  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ